Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մեր ժամանակի հերոսը Ժաննա դ Արկի հավատալու ունակությունը պիտի ունենա»

«Մեր ժամանակի հերոսը  Ժաննա  դ Արկի հավատալու  ունակությունը պիտի ունենա»
31.07.2012 | 04:49

Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը որպես նախագիծ ստացել է Գյոթեբորգի և Պուսանի ՄԿՓ-երի մրցանակը Ասիական նախագծերի շուկայում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Պուսանի ՄԿՓ-ի մրցույթում:
Ֆիլմի պրոդյուսերն ու սցենարիստը Արմինե Անդան է: Դերերում` Արմինե Անդա, Միքայել Վաթինյան:
Ֆիլմը ներկայացված էր «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
Ժաննա անունով երիտասարդ կինը հանկարծակի, ողջախոհության տեսանկյունից անհասկանալի մղումով, հետպատերազմյան անորոշության և տեսած երազի ազդեցությամբ, հեռանում է ամեն ինչից, սկսում թափառել երկրով մեկ: Ինքն իրեն զրկելով կենսագրությունից` նա կարծես նորից է կլանում աշխարհը` ի դեմս անծանոթ մարդկանց և Հայաստանի հզոր բնության, լսելով նրանց «ձայները», իսկ իրականում փնտրելով այն մարդուն, ում ձայնը կանչել է իրեն:
Զրուցակիցս ԱՐՄԻՆԵ ԱՆԴԱՆ է:

-Միջազգային փառատոներում ներկայանալը մտավախությունների առիթ չի՞ տալիս` ինչպե՞ս կընդունվի ֆիլմը, ի՞նչ գնահատականի կարժանանա:
-Միջազգային պրեմիերաների ժամանակ այդքան չեմ վախենում, մի փոքր հուզմունք լինում է այն առումով, թե հանդիսատեսը ինչպե՞ս կընդունի, ի՞նչ հարցեր կտա: Սովորաբար դրսում ցուցադրություններից հետո լինում է հանդիպում, որի ժամանակ հարցեր են ուղղվում ֆիլմի հեղինակներին: Երևանյան պրեմիերայից հետո նման հանդիպում չի եղել, բայց միևնույն է, հանդիսատեսը մոտենում էր, հարցեր տալիս:
-Դրսում որոշակի ճանապարհ անցած ֆիլմն ի՞նչ արձագանք ունեցավ Հայաստանում:
-Անսպասելի էր, որ ֆիլմն անշլագով անցավ, բոլոր տոմսերը վաճառվել էին, հանդիսատեսը ոտքի վրա էր: Ես իսկապես վախ ունեի. հոգու խորքում չես ուզում, որ հայաստանյան պրեմիերան կիսադատարկ դահլիճում լինի:
-Համաշխարհային կինոյի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրությունն ավելի մեծ է, քան հայկական ֆիլմերի: Կա՞ նման բան:
-Ես կարող եմ ասել, որ մամուլը հետաքրքրվում է ավելի շատ արտասահմանյան ֆիլմերով, հանդիսատեսը` հայկական: Որպես մասնակից եմ սա ասում` մամուլն առանձնապես չի հետաքրքրվում տեղի ֆիլմերով ու արվեստագետներով, ինչը շատ զարմանալի է:
-Ի՞նչ առավելություններ է ստանում փառատոներին մասնակցած ֆիլմը:
-Փառատոնին մասնակցելն արդեն իսկ առավելություն է. շփվում ես անմիջականորեն և՛ դրսի, և՛ ներսի մարդկանց հետ: Ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո մենք շատ կարծիքներ լսեցինք: Ոմանք հիացական խոսքեր էին ասում, ոմանք հարցեր էին տալիս, ոմանք ասում էին, թե ոչինչ չեն հասկացել, եղան մարդիկ, որ բացասաբար ընդունեցին, ասացին, որ սա մեր կինոն չէ: Կարծիքները շատ տարբեր էին, ինչը շատ կարևոր է:
-Ո՞վ է մեր ժամանակի Ժաննա դ Արկը:
-Ինձ համար մեր ժամանակի հերոսը պիտի ունենա Ժաննա դ Արկի հավատալու ունակությունը, ինչ-որ բան իրականացնելու համար, պիտի այնքան հավատա, որ ուժ ստանա դա իրականացնելու:
-Վերացական արվեստը կապ ունի՞ իրականության հետ, թե՞ դա մի ուրիշ իրականություն է:
-Ցանկացած իրականություն էլ իրականություն է: ՈՒրիշ իրականությունը, տեսեք, էլի կապվում է «իրականություն» բառի հետ: Երևակայության մեջ եղած իրականությունն էլ է իրականություն, որովհետև դա մարդու մասն է, աբստրակտ իրականությունն էլ, պարզապես ուրիշ ձևի մեջ է դրսևորվում:
-Լավ կամ վատ ֆիլմ, որ դիտել եք փառատոնի ընթացքում:
-Չեմ հասցրել նայել ֆիլմերը, փառատոնի օրերին շատ ծանրաբեռնված էինք: Հետո կդիտենք:
-Մեր կինոարտադրության, կինոցուցադրության մեխանիզմները կարո՞ղ են պատճառ լինել, որ լավ կինոն մնա ստվերում:
-Կարող են, որովհետև պետական ֆինանսավորումները հենց նրա համար են, որ չկորչի այն արվեստը, որի մեջ կան մշակույթի տարրեր, տվյալ դեպքում` ոչ կոմերցիոն նպատակով ստեղծված կինոն, որ անցնելու է պատմության միջով ու պահպանելու է արվեստը, մշակույթը:
-Համատեղ ծրագրեր ունի՞ ձեր ստեղծագործական խումբը:
-ՈՒնենք ծրագիր և՛ համատեղ, և՛ ոչ համատեղ, բայց դրանց մասին դեռ վաղ է խոսելը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում մրցույթ ասվածին առհասարակ:
-Մրցանակ չստանալը չի նշանակում, թե դու ամենավատ ֆիլմն ես նկարահանել, ինչպես մրցանակ ստանալը չի նշանակում, թե դու ամենալավ ֆիլմն ես նկարահանել:

Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ